ՀՀ նախագահի մրցանակը ստանալու կապակցությամբ Հայաստանում գտնվող «Ինտել»-ի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթն այսօր հանդիպեց նաեւ լրագրողների հետ։ Հայաստանի կրթության որակի մասին հարցադրմանը նա պատասխանեց, որ հանդիպել է ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ, նրանց հետ զրուցներից տպավորություն է ստացել, որ հայ ուսանողները շատ պայծառ են, ագրեսիվ, ուշիմ եւ խելացի։ Մի խոսքով՝ ոչնչով չեն տարբերվում այլ երկրների ուսանողներից։ Բարրեթի խոսքով՝ ամերիկյան հասարակությունում նույնպես մտահոգություններ կան, որ ամերիկյան երեխաների կրթական մակարդակը ետ է մնում աշխարհի մյուս երկրների համեմատությամբ։ Ամերիկացի մասնագետի կարծիքով՝ նման տեսակետներին եւ բանավեճերին պետք է հանգիստ վերաբերվել։

Չնայած Բարրեթը ներկայում այլեւս «Ինտելը» չի ներկայացնում, տեղյակ է, որ այդ կորպորացիան հետաքրքրված է Հայաստանի կրթական համակարգում ներդրումներով, սկսել է ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ ««Ինտելը» միշտ փորձում է աշխատանքի ընդունել ամենախելացի ու ամենապայծառ մարդկանց։ Նրանք տեղյակ են Հայաստանում «Սինոփսիս»-ի հաջողություններից, կարծում եմ՝ նրանք այստեղ լավ հետեւորդներ կփնտրեն, բայց «Ինտել»-ի անունից ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց Բարրեթը։