1988թ.-ից ի վեր Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 842 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, իսկ հաշվարկային տվյալներով՝ ՀՀ-ում բնակվում է մոտ 2300 ՄԻԱՎ վարակակիր: 2006 թվականից ի Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է «Կողմնորոշվելու ժամանակն է» ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից եւ ՄԻԱՎ-ի կանխարգելման ազգային ծրագրի մասն է կազմում: Ծրագրի շրջանակներում իրականացվում են լայնամասշտաբ հանրային նորարական միջոցառումներ, որոնք ներառում են համերգներ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, սպորտային մրցաշարեր, իրազեկման բարձրացմանը նպաստող տեղեկատվական նյութերի տրամադրում:
«Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագրի ընթացքը կշարունակի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված «Համերգ անիվների վրա» խորագրով շրջիկ համերգների շարքը` ՀՀ երաժշտական խմբերի եւ անհատ կատարողների մասնակցությամբ: Շրջիկ համերգները տեղի կունենան ՀՀ Հրազդան, Իջեւան, Եղեգնաձոր, Կապան, Էջմիածին եւ Երեւան քաղաքներում: Այս ակցիայի նպատակն է տարածել ճշգրիտ ինֆորմացիա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Համերգի մասնակից կատարողներն ակտիվորեն ներգրավված կլինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվության հաղորդման գործընթացում, սիրված երգիչների կողմից բեմից անընդմեջ կհնչեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կոչեր: Համերգների ընթացքում կցուցադրվեն հոլովակներ, ֆիլմեր, կանցկացվեն հարցումներ, հանդիսատեսներին կբաժանվեն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ հանդիսացող կարմիր ժապավեններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր եւ պահպանակներ: Համերգի տարածքում կտեղադրվեն նաեւ ինֆորմացիոն ստենդներ:
«Համերգ անիվների վրա» ակցիան կլուսաբանվի լրատվամիջոցների եւ ինտերնետային հաղորդագրությունների միջոցով:
Նշենք, որ այսօր աշխարհում շուրջ 33,4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով:


























