Ադրբեջանում ավարտվել է ժամկետային զինծառայող Անար Ալլահվերդիեւի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Առավել ծանր հանցագործությունների գծով ռազմական դատարանը՝ դատավոր Ռաշիդ Հուսեյնովի նախագահությամբ, 14,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ալահվերդիեւին՝ նրան մեղադրելով հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

Իսկ Ալլահվերդիեւի ողջ մեղքն այն է, որ չդիմանալով ադրբեջանական «փառապանծ» բանակում տիրող հոռի բարքերին եւ ավագ ծառայակիցների ու սպաների կողմից պարբերաբար բռնությունների ենթարկվելու հանգամանքին, լքել էր զորամասն ու հատել սահմանը: Ըստ ադրբեջանական դատարանի՝ Ալլահվերդիեւը Ադրբեջանի ռազմական գաղտնիքները հայտնել էր հայերին: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել 274 (Պետական դավաճանություն) եւ 338.1 (Ռազմական հերթապահության կանոնների խախտում) հոդվածներով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար» դատապարտվել էին ադրբեջանական բանակի 4 զինծառայողներ: Ըստ մեղադրանքի՝ լեյտենանտ Հագանի Ջավադովը բռնաբարել էր կրտսեր սերժանտներ Էլչին Մամեդովին եւ Սամիր Թագիեւին ու զինվոր Սուլեյման Ալիեւին՝ նրանց ստիպելով աշխատել հայկական կողմի համար: Ահա այսպիսի խայտառակ բարքեր են տիրում մի բանակում, որի գերագույն հրամանատարը պատերազմի մասին խոսելու առիթը բաց չի թողնում: