Աֆղանստանի լեռներում հսկայական ժանիքներով հազվագյուտ եղջերու-վամպիր են նկատել: Վերջին 60 տարիների ընթացքում սա հազվագյուտ ժանիքավոր կճղակավորի հայտնաբերման առաջին դեպքն է:
Չնայած սարսափելի արտաքինին, անհետացման վտանգի տակ գտնվող այս տեսակն իր ժանիքներն օգտագործում է զուգավորման շրջանում: Արուները դրանք օգտագործում են էգերին գայթակղելու եւ մրցակիցների հետ մենամարտերի ժամանակ, այլ ոչ թե արյուն խմելու համար:
Նման յոթ տեսակներից մեկը՝ քաշմիրյան կաբարգան, բնակվում է Աֆղանստանի հյուսիս-արեւելյան ժայռալանջերին: Այս մասին տեղեկացնում է Վայրի բնության պահպանության հանրությունը (WCS), որի աշխատակիցներն էլ վերջերս տեսել են փոքրիկ հոտը: Վերջին անգամ այս կենդանիները գիտնականների տեսադաշտում հայտնվել են Աֆղանստանի Նուրիստան գավառում, 1948 թվականին: Այդ ժամանակ դրանց նկատել էր այդ շրջանում գտնվող դանիական հետազոտողների խումբը:
Ըստ FedPost-ի, բնության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշում են, որը որսագողության եւ բնակության համար հարմար միջավայրի կորստի պատճառով այս տեսակն անհետացման վտանգի տակ է: Այս կենդանին մուշկ է արտադրում, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության եւ բժշկության մեջ: Կաբարգայի գեղձերը ոսկուց ավելի թանկ արժեն. սեւ շուկայում 1 կգ-ն արժե 45.000 դոլար:
Հետազոտողների խումբը հազվագյուտ եղջերուների, այդ թվում՝ արուի դիտարկման հինգ դեպք է արձանագրել:
Կաբարգան բնակվում է հեռավոր շրջաններում եւ հազվադեպ է հայտնվում գիտնականների տեսադաշտում, այդ պատճառով այս տեսակի ներկայացուցիչների լուսանկարները հազվագյուտ են: Չնայած այս տեսակի անհայտ լինելուն, մասնագետներն ասում են, որ դրանց բնակավայրը պետք է հուսալիորեն պաշտպանել՝ Աֆղանստանում այս կենդանիների գոյատեւումն ապահովելու համար:






























