Ադրբեջանական վերջին սադրանքը որակման ենթակա չէ: Այն ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Այդ գործողությունը անորակելի է, առավել եւս որ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպման հաջորդ օրը: Այն ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը»,- նշել է ֆրանսիացի խորհրդարանականը:
Դիտարկմանը՝ արդյո՞ք դա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ սպառազինությունների մրցավազքին միջազգային հանրության արձագանքի բացակայության անմիջական հետեւանքն է, Ռոշբլուանը պատասխանել է. «Հստակ փաստեր չունեմ դա հաստատելու, բայց միանգամայն հավանական է, որ ադրբեջանի ղեկավարները ցանկացան, որպես այդ հայտարարությունների շարունակություն, ստուգել միջազգային հանության արձագանքները: Դժբախտաբար, այդպիսի բան տեղի չունեցավ»:
Հարցին, թե ինչ կարող է անել Ֆրանսուա Ռոշբլուանի ղեկավարած Հայաստան- Ֆրանսիա բարեկամության խումբը, որ ֆրանսիական կառավարության ուշադրությունը հրավիրի Ադրբեջանի վերջին գործողություններից հետո ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա, պատգամավորը հայտնել է, որ Հայաստան- Ֆրանսիա բարեկամության խումբը հավաքվելու եւ ընդունելու է Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանին, որպեսզի ճշտի իրավիճակը: «Բացի այդ, հունիսի 30-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունելու է արտգործնախարար Բեռնար Քուշներին: Ես նրա ուշադրությունն անպայման հրավիրելու եմ Լեռնային Ղարաբաղի ներկա վիճակի վրա: Մինսկի խմբի միջոցով՝ Ֆրանսիան կարեւոր դերակատարություն ունի, եւ պետք է խիստ, հուժկու ձեւով արձագանքի կատարվածին, քանի դեռ շատ ուշ չէ»,- նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը:


























