Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից: Այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականները` օկուպացիայի եւ անքսիայի անընդունելիության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խաղաղության հաստատման մասին:
«Ճիշտ է նաեւ, որ բացառվում է ԼՂՀ անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում»,- ասել է Շ Քոչարյանն ու հավելել. «Ողջունելի է այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը`ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ ԼՂ կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»:
Հիշեցնենք, որ Կանադայի Մուսկոկա քաղաքում G8-ի գագաթաժողովում ընդունվել է հռչակագիր, որտեղ խոսք է գնում միջազգային իրավունքի նորմերի հիման վրա խաղաղության հաստատելու անհրաժեշտության մասին:


























