Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգից Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է եւ մեղադրվել Իլինոյս նահանգի Շելբիվիլի քարտուղարության գրասենյակում անձը հաստատող կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու փորձի համար: Այս մասին գրում է տեղական «Herald & Review» պարբերականը:

Դատախազ Ջինա Վորդենհեյդեն տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքացի Միքայել Սիմոնյանը Իլինոյսում վարորդական իրավունք ստանալու համար դիմում ներկայացնելիս Հարավային Դակոտա նահանգի Քիսթոն քաղաքի հասցե է մատնանշել:

«Նա կոմունալ ծառայությունների համար կեղծ անուններով երկու հաշիվ է օգտագործել՝ փորձելով Իլինոյսում վարորդական վկայական ստանալ: Նա նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունից ներգաղթի թույլտվություն է ներկայացրել, որը նույնպես կեղծ է եղել»,- ասել է դատախազը:

Անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար որպես պատիժ սահմանված է մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում եւ 25 հազար դոլարի չափով տուգանք: Սիմոնյանը կանգնել է շրջանային դատարանի առջեւ եւ կալանավորվել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության դաշնային գործակալների կողմից: Նրանց հետաքննությունը կարող է բերել դաշնային մեղադրանքի առաջադրման: