Պարագվայի Տիհահի գյուղի բնակչուհուն նետահարել են, այնուհետեւ ողջ-ողջ այրել՝ մեղադրելով կախարդության մեջ: Ոստիկանները ձերբակալել են մարդասպաններին, որոնց թվում նաեւ 14-ամյա մի դեռահաս է եղել:
Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնից ոչ հեռու գտնվող Տիհահի գյուղի 45-ամյա բնակչուհի Ադոլֆինա Օկամպոսին սպանել են գուարանի ժողովրդի բնիկ անդամները:
Mail Online-ի փոխանցմամբ, գյուղի բնակիչները, ովքեր կնոջը մեղադրել են կախարդության մեջ, Ադոլֆինային տարել են գետի մոտ եւ մի քանի անգամ նրան ջրի մեջ սուզել: Այնուհետեւ կնոջը կախել են սյունին, նետահարել եւ ողջ-ողջ այրել: Մահապատիժն իրականացնելուց հետո մարդասպանների խումբն այրել է մարմնի մնացորդները, որպեսզի «վհուկից» ոչինչ չմնա: Սպանության դեպքի առիթով ոստիկանությունը 9 տղամարդու է ձերբակալել:
Ըստ Mirror-ի, բոլորն էլ խոստովանել են, որ սպանել են կնոջը, բայց չեն մեղանչել արարքի համար: Համայնքի առաջնորդներից մեկը ոստիկաններին հայտարարել է, որ իր քույրը մեկ տարի շարունակ հիվանդ է եղել, եւ նրա առողջության վատթարացման համար մեղադրել է Օկամպոսին: Ձերբակալվելուց հետո նա շարունակել է պնդել, որ իր եւ իր կողմնակիցների կողմից սպանված կինը վհուկ է, ինչի պատճառով գյուղի բնակիչներին հետապնդել են հիվանդություններն ու անհաջողությունները:
Մարդասպանների հետ զրուցած իրավապահները պարզել են, որ Ադոլֆինան մեկ ամիս վտարված է եղել հայրենի գյուղից, իսկ երբ դա էլ չի օգնել, բնակիչները որոշել են սպանել «կախարդին»:



























