Իրաքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների հասցրած ավիահարվածների արդյունքում տուժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվական գործակալությանը:
Կոալիցիոն ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ալ-Քաիմ քաղաքում իսլամականների առաջնորդների հավաքատեղիի ուղղությամբ: «Մեր աղբյուրների տեղեկացմամբ, ալ-Բաղդադին վիրավորվել է: Նրան ուղարկել են Սիրիա»,- հաղորդել են Իրաքի հատուկ ծառայությունները:
Դրանից հետո խմբավորման անդամները դիմել են տեղի բնակիչներին՝ կոչ անելով արյուն հանձնել՝ տուժած զինյալներին փոխներարկում կատարելու համար: ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին չի կարողացել հաստատել, արդյո՞ք «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ընկել է ավիահարվածների տակ: Սակայն ամերիկյան ներկայացուցիչները հաղորդել են, որ հարձակման հետեւանքով 10 ավտոմեքենա է ոչնչացվել, որոնցում կարող էին իսլամականների ղեկավարներ գտնվել:




























