ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ կառուցողական հարաբերությունների վերականգնումը որոշիչ նշանակություն ունի, եթե Մոսկվան պատրաստ լինի անհրաժեշտ քայլերի: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, գերմանական թերթին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Բոլորիս համար էլ ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանը,  ԱՄՆ-ն եւ Կանադան միասին գործեն գլոբալ մարտահրավերներին պատասխանելիս, ինչպիսիք են ծայրահեղականությունը, ատոմային զենքի եւ վարակիչ հիվանդությունների տարածումը եւ օգուտ քաղեն խաղաղությունից, կայունությունից ու տնտեսական համագործակցությունից», - Քերրիի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Միաժամանակ, ըստ նրա, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են: «Կարեւոր է, որպեսզի Գերմանիան եւ ԱՄՆ-ն լինեն գործընկերների կողքին եւ պաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ անկախությունը», - ընդգծել է Քերրին: Ներկայումս, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, խաղաքարտին դրված են հետպատերազմյան աշխարհակարգը եւ այն կարգը, որը հաստատվել էր Բեռլինի պատի փլուզումից հետո:  ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել հիշել 25-ամյա վաղեմության իրադարձությունները,  անցյալում թողնել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հին բաժանարար գծերը եւ կենտրոնանալ ընդհանուր խնդիրների լուծման վրա: