ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսում է իր այցելությունների շարքը Արեւելյան Եվրոպա եւ Հարավային Կովկաս: Հուլիսի 1-5-ը նա կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան:

Կիեւում Քլինթոնը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ, կայցելի Օսկար Շինդլերի թանգարան եւ ելույթ կունենա մարդու իրավունքների վերաբերյալ: Քլինթոնը կմասնակցի նաեւ ամերիկա-ուկրաինական ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստին, որը ստեղծվել է նախորդ տարի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Ուկրաինա այցելության ժամանակ:

Հուլիսի 3-ին Կրակովում ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի «Ժողովրդավարության ընկերակցության» 10-ամյակի տոնական միջոցառումներին, որը հիմնվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից` Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիլարի Քլինթոնը հանդիպում կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Հուլիսի 4-ին Քլինթոնը կուղեւորվի Բաքու, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարների հետ, ինչպես նաեւ հնարավորություն կունենա երիտասարդական կազմակերպությունների հետ քննարկել մամուլի ազատության հարցը:

ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում կլինի հուլիսի 4-ի երեկոյան եւ կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկման թեմաներն են լինելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը:

Հուլիսի 5-ին նա կուղեւորվի Թբիլիսի, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, ինչպես նաեւ  ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի» ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: