Միանշանակ ճիշտ է Ներքին գործերի նախարարություն ստեղծելը, ապրելով թույլ երկրում՝ առավել քան անհրաժեշտ է դրա գոյությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա կարծիքով՝ ճիշտ է այդ նախարարությունը ստեղծել ՏԿՆ-ի, ԱԻՆ-ի եւ ոստիկանության միավորման արդյունքում: «Ժամանակի պահանջն է՝ ունենալ Ներքին գործերի նախարարություն՝ ավելի լայն հնարավորություններով»,-ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:

Ինչ վերաբերում է քրեական հետախուզությունը առանձնացնելուն, Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ դա առանձին չի կարող գործել՝ առանց  համակարգի մյուս օղակների հետ անմիջական համագործակցության, դրանց մասնակցության օպերատիվ-հետախուզական միջոցառումներին: Նա առաջարկում է ստեղծել նաեւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի առանձին միավոր, որը գոնե որոշ չափով զսպաշապիկ կլինի պաշտոնյաների համար:

Գուրգեն Եղիազարյանը չցանկացավ ասել, թե ում է տեսնում ՆԳՆ նախարար, որպեսզի այդ մարդուն չվնասի: