Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է աջակցել Մոսկվայի դեմ նոր՝ խստացված պատժամիջոցներին, եթե վերջինս շարունակի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում: Այս մասին, ըստ  Reuters-ի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:  

Քեմերոնը նշել է, որ Ռուսաստանի գործողությունները լուրջ սպառնալիք են Եվրոպայի համար, այնուամենայնիվ, նոր սառը պատերազմից դեռ կարելի է խուսափել:

Գործակալությունը հիշեցնում է, որ խորհրդային նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչյովն անցյալ շաբաթ զգուշացրել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով լարվածությունը նոր սառը պատերազմ կարող է հրահրել:  «Մենք տվյալ սցենարն անխուսափելի չենք համարում, սակայն ինքներս դրան չենք ձգտում», - ասել է Քեմերոնը՝ հավելելով, որ տվյալ դիրքորոշումն ինքը կհայտնի Վլադիմիր Պուտինին:

Քեմերոնը եւ Պուտինը մասնակցելու են Ավստրալիայում  նոյեմբերի 15-16-ին G20 առաջնորդների հանդիպմանը: