Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ֆինանսական օգնություն է տրամադրելու նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Այս պահին ճշտվում է, թե ինչքան գումար է հատկացվելու զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորների բուժման ծախսերն էլ արդեն մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանն է հոգալու»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով` զոհերից երկուսը Ախուրյանից են, մյուսները` Գյումրիից: Ինչ վերաբերվում է բեռնատար մեքենայի վարորդին, ապա մարզպետի տեղեկություններով` նա Երեւանից է, աշխատում է երեւանյան կազմակերպություններից մեկում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:




























