Ղազախստանը հայտարարել է տնտեսական նոր քաղաքականության՝ «Նուրլը ժոլի» մասին, փոխանցում է «Ռոսբալտը»՝ մեջբերելով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:

Ըստ Նազարբաեւի՝ առաջիկա տարիները աշխարհում եւ Ղազախստանի համար գլոբալ փորձարկումների շրջան կլինեն: «Կփոխվի աշխարհի ճարտարապետությունը: Այս փուլն արժանապատվորեն անցնելու ունակ կլինեն ոչ բոլոր պետությունները: Այս սահմանը կանցնեն միայն ամենաուժեղները, միասնական ժողովուրդներն ու երկրները: Ղազախստանը՝ որպես համաշխարհային տնտեսության մի մաս, անմիջականորեն մոտ է գտնվում աշխարհաքաղաքական լարվածության էպիկենտրոնին, կրում է բոլոր այդ գործընթացների բացասական ազդեցությունը», - Նազարբաեւի հայտարարություն է մեջբերում գործակալությունը:

Արդյունքում, ըստ նախագահի, համաշխարհային շուկայում գներն ընկնում են, տնտեսական աճը՝ դանդաղում: «Հայտնի է, որ 2014թ. եւ հաջորդ երկու տարիների համար համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումները ԱՄՀ-ն վերանայել է՝ նվազման կողմը: Սա եւս կազդի մեզ վրա: Այդ պատճառով անհրաժեշտ է վերանայել որոշ դիրքորոշումներ եւ սրբագրումներ կատարել ծրագրերում», - հավելել է Նազարբաեւը:

Ղազախստանը, նշվում է հաղորդագրությունում, նոյեմբերի 11-ին 2015-2025թթ. համար կոռուպցիայի հակազդման ծրագիր էր ընդունել: Այն բաղկացած է 36 կետից: