Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները շարունակում են քննադատել Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարելու եւ խոսքի ազատության սահմանափակելու համար:
contact.az-ի փոխանցմամբ՝ հերթական քննադատությունը հնչել է Թբիլիսիում կայացած ԵԱՀԿ-ի «Թվային դարաշրջանում հանրային հեռուստատեսության» 11-րդ Հարավկովկասյան համաժողովի ընթացքում:
Խոսքի ազատության ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, անդրադառնալով Ադրբեջանի իրավիճակին, որն առանձնանում է կալանավորված լրագրողների եւ բլոգերների ռեկորդային թվով, նշել է. «Ադրբեջանը միակ երկիրն է, որը քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներին թույլ չի տվել մասնակցել միջոցառմանը»: Խոսքը Բաքվի օդանավակայանում ձերբակալված ֆոտոլրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովի մասին է:
Միյատովիչի խոսքով՝ իրականում կալանավորումներն իրագործվում են քաղաքական շարժառիթներով: «Ես այս հարցի շուրջ զրուցել եմ նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո հաջողվել է ազատ արձակել մի շարք լրագրողների», - ասել է նա՝ նշելով նման քայլերի կառուցողականությունը:




























