Բացառել ռազմական գործողությունների վերսկսումը չի կարելի, սակայն եթե դրանք այնուամենայնիվ սկսվեն, առաջնային հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմը։ Հուլիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Զինվորականի խոսքով, առաջնային հաջողության հասնելու հարցում Ադրբեջանին կարող է օգնել իր ունեցած տեխնիկան։ «Նրանք լավ ռազմամթերք ունեն, ինչը մեծ դեր կարող է խաղալ մարտի դաշտում։ Միայն տեխնիկայի կիրառումից հետո կգա կենդանի ուժը։ Գուցե այդ ժամանակ ղարաբաղյան բանակի ոգին առավելության հասնի ադրբեջանցիների նկատմամբ»,- հույս հայտնեց գեներալ-մայորը՝ հավելելով, որ մեր զինվորների առաջնային գործն այդ դեպքում կլինի ադրբեջանական նավթամուղներն ու գազատարները վնասելը, ինչը մեծապես կհարվածի Ադրբեջանին։ «Ամենը գնում է նրան, որ դիվանագիտության մեջ Ադրբեջանն առավել մեծ հաջողությունների կհասնի, քան մարտի դաշտում»,- համոզմունք հայտնեց Կոմանդոսը։
ԼՂ հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թվականին, երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ՊԱԿ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի կատարման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար։ Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ.-ի 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։



























