Երեւան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած վթարի մեղավորներին գտնելու համար անհրաժեշտ է մի շարք հանգամանքներ պարզել:
Փաստաբան, դատական փորձաքննությունների ինստիտուտի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որպեսզի օբյեկտիվ քննություն կատարվի եւ պարզվեն մեղավորները, պետք է առաջ քաշվեն բոլոր վարկածները, քննչական գործողություն կատարելու եւ հերքելու միջոցով հանգեն միակ ճիշտ վարկածին: Ըստ այդմ՝ Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նախ պետք է պարզել, թե որտեղ է տեղի ունեցել վթարը, այսինքն՝ ճշտվի վթարի կոնկրետ տեղը: Մյուս խնդիրը հետեւյալն է՝ վթարի նախորդող պահին ինչ ողղությամբ են շարժվել երկու տրանսպորտային միջոցները եւ երրորդը՝ ինչի հետեւանքով է մահը վրա հասել: Փորձագետն ասաց, որ հրդեհի հնարավոր վարկածներից մեկը կարող է լինել «Գազելի» մեջ տեղակայված գազի բալոնի առկայությունը, հետեւաբար՝ պետք է պարզել՝ գազի բալոնի տեղադրումը եղել է ճիշտ եւ միջազգային կանոններին համապատասխան, թե ոչ: Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն կարելի է որոշել՝ ով է մեղավոր:
Այնուհանդերձ, փորձագետը, ուսումնասիրելով վթարի վերաբերյալ լրատվամիջոցներում առկա լուսանկարները, առաջ քաշեց մի շարք հնարավոր վարկածներ: Ամենահավանականն այն է, որ բեռնատարի վարորդը չի զիջել ճանապարհը, ինչն էլ բախման պատճառ է եղել:
«Թե ինչի պատճառով է եղել վթարը, կարելի է նշել մի շարք հավանական տարբերակներ, օրինակ՝ տրանսպորտային միջոցներից մեկի հանդիպակաց ուղեմաս դուրս գալը, սահմանված արագության գերազանցումը, չի բացառվում, որ պատճառ հանդիսանա ասֆալտաբետոնյա ծածկույթի անորակ լինելը, հնարավոր են այլ պատճառներ, որոնք լուսանկարներով պարզել հնարավոր չէ: Կարծում եմ՝ պետք է ստուգել մեքենաների տեխնիկական վիճակը»,-ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ շատ սխալ է վթարից անմիջապես հետո բեռնատարի վարորդին ձերբակալելը: «Նույն հաջողությամբ կարելի էր ձերբակալել տվյալ մեքենան սպասարկող կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձնաց, որովհետեւ հնարավոր է վթարը մեքենայի անսարքության հետեւանք լինի: Ուղղակի մեր մոտ խորհրդային միության մնացորդներից է վթարի դեպքում կենդանի մնացած վարորդին ձերբակալելը, այսպես ասած՝ վարորդը նաղդ է»,- ասաց փորձագետը:
Նիկոլայ Բաղդասարյանը ուշադրությունը հրավիրեց նաեւ մի շատ կարեւոր հանգամանքի վրա: «Շատ մարդիկ հավաքված են դեպքի վայրում՝ ոստիկաններ, քաղաքացիական հագուստով մարդիկ, ինչը անթույլատրելի է, քանի որ նրանք կանգնած են այն հետքերի վրա, որոնք կարող են հանցագործության բացահայտման աղբյուր հանդիսանալ, հուշել նախաքննական մարմնին, թե որտեղ է եղել վթարը: Բայց եթե ոտքերով տրորում են այդ հետքերը, հնարավոր է այնպիսի վնաս տան գործին, որ հնարավոր չլինի պարզել վթարի մեխանիզմը»,-նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն, բոլորի ինքնությունները պարզվել են։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:
Ինգա Մարտինյան




























