Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին այսօր կամ վաղը Գորիսի բանտից բերելու են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:

Ինչ վերաբերում է դատարանի վճռով նրան նշանակված հարկադիր բուժմանը, մեզ փոխանցեցին, որ դա կորոշվի ՔԿՀ-ում, հնարավոր է այն կազմակերպել նաեւ «Նուբարաշենի» բուժմասում:

Նշենք, որ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան: