Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավարությունը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտ նստավայրում հրապարակվում են նախաքննության ընթացքում հավաքված՝ գործում առկա բոլոր նյութերը, այդ թվում տեսասկավառակներ, ձայնասկավառակներ
«Վկաների, տուժողների եւ ամբաստանյալների հարցաքննություններն ավարտվել են, հիմա փաստաթղթային ապացույցներն են ներկայացվում, դրանք հետազոտվում են, որոշակի հանգամանքների վերաբերյալ իրենց առարկություններն են ներկայացնում ամբաստանյալները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ տեսանյութերում կան նաեւ ապացույցներ՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության վերաբերյալ: Ինչ վերաբերվում է ընթացող դատավարությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ այնուհետեւ ուսումնասիրվելու են իրեղեն ապացույցները, որից հետո արդեն ճառերով հանդես կգան մեղադրող եւ պաշտպանական կողմերը:
Նշենք, որ գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։





























