Երեւան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ձերբակալված Մանվել Վարդանյանի հետ բեռնատարի մեջ եղել են եւս երկու հոգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նա նշեց, որ երկու ուղեւորները «Իդեալ» ընկերության աշխատակիցներ են եղել՝ բանվորներ, որոնք, բարեբախտաբար, վնասվածքներ չեն ստացել: Աշխատակիցները շինանյութ եւ լոգարանային սարքեր էին տարել Արթիկում գտնվող խանութ, իսկ այդ ժամանակ ուղեւորվում էին Գյումրի՝ շինանյութի մյուս խմբաքանակը դատարակելու: Բանվորներն արդեն հարցաքննվել են, իսկ վարորդ Մանվել Վարդանյանը ասել է, որ «Գազել» մեքենային նկատել է ուշացումով, չտեսնելով կանգառ նշանը՝ երկրորդական ճանապարհից մուտք է գործել գլխավոր մայրուղի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել էր։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:




























