Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանում Ստամբուլահայ կանանց դեմ հարձակումների գործով հերթական դատալսման ժամանակ հայտարարվել է, թե հարձակումների մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանը դատաբժշկական փորձաքննության կողմից մեղսունակ է ճանաչվել։

Թուրքական IMCTV կայքի փոխանցմամբ՝ ստամբուլահայ կանանց դեմ հարձակումների գործով հերթական դատական լսման ժամանակ սպանված հայուհի Մարիցա Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը հայտնել է, թե ստամբուլահայ կանանց դեմ հարձակումների ժամանակ տեղի է ունեցել հարձակում Թուրֆանդա Աշըքի դեմ հարձակում, որին ըստ պնդումների մասնակցել է նաեւ Մուրադ Նազարյանը։  Էրեն Քեսքինը նշել է, թե այդ գործով հետաքննություն տեղի չի ունեցել։

Բացի այդ, Մարիցա Քյուչուքի ընտանիքի փաստաբանը պահանջել է սպանվածի տան սեղանի սփռոցի վրայի արյան հետքը ուղարկել փորձաքննության՝ պարզելու, թե արդյոք այն պատկանո՞ւմ է մեղադրյալին։

Դատարանը Թուրֆանդա Աշըքի հանդեպ հարձակման հայտարարությունը հանցանքի մասին հաղորդագրություն է համարել եւ հետաքննության համար դիմել դատախազություն, ինչպես նաեւ որոշում է կայացվել Մարիցա Քյուչուքի տան սփռոցի վրայի արյունը ուղարկել փորձաքննության։

Դատական նիստի վերջում դատարանը վճռել է երկարացնել մեղադրյալի նկատմամբ կալանքի որոշումը եւ հետաձգել դատական նիստը։

Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։

Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։