Նավթի եւ գազի համաշխարհային գների անկման ֆոնին Չինաստանն իրեն դատապարտել է Ռուսաստանից բնական գազի գնման չափազանց թանկարժեք պայմանագրերի հավաքածուով, որն ավելի վաղ որպես հաջող գործարք էր դիտարկում: Այդ մասին հոդված է հրապարակել թայվանական «Want China Times» լրատվական կայքը:

Հոդվածի համաձայն՝ Չինաստանը տարեկան Ռուսաստանից 68 մլրդ խորանարդ մետր բնական գազ է ներմուծելու՝ դառնալով ռուսական գազի խոշորագույն գնորդը Գերմանիայի փոխարեն, որը տարեկան ընդամենը 40 մլրդ խորանարդ մետր է ներմուծում: Հոնկոնգի «Nomura Securities» ընկերությա էներգետիկայի հարցերի գլխավոր մասնագետ Գորդոն Քվանի խոսքով՝ մինչեւ 2020 թվականը Ռուսաստանը մատակարարելու է Չինաստանի օգտագործած բնական գազի 17%-ը:

Կայքը նշում է, որ երկու պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ Եվրոպան ծրագրում է տարեկան 18 մլրդ դոլար արժողությամբ 45 մլրդ խորանարդ մետրով կրճատել Ռուսաստանից բնական գազի ներմուծումը, այսինքն՝ Եվրամիության օգտագործած գազի մեկ հինգերորդ մասը եւ ռուսական արտահանան երեք քառորդ մասը:

Հոդվածի հեղինակները նշում են, որ Ռուսաստանը Չինաստանին բնական գազ է մատակարարելու երկու պայմանագրով՝ 1.000 խորանարդ մետրը 300 եւ 400 դոլարով: Sohu.com-ը նշում է նաեւ 380-388 դոլար մոտավոր գին՝ Պետական խորհրդին առընթեր Կիրառական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սուն Յուն Սյանի գնահատականներով:

Չնայած գները դիտարկվել են գործարքի կնքումից հետո միջին մակարդակով, դրանք ավելի բարձր են, քան գների միջազգային անկման արդյունքում այլ աղբյուրներից Չինաստանի ներկրած բնական գազի ընթացիկ գները: Իսկ անկումը շարունակվում է: