ՄԱԿ-ն առայժմ չի կարող հաստատել Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին տեղեկությունը: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին լրագրողներին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: Նրա խոսքով, ՄԱԿ-ը պետք է փաստեր հավաքի ենթադրյալ միջադեպի վերաբերյալ:
«Մեզ անհրաժեշտ է փաստեր ստանալ եւ մանրամասներ պարզել, բայց ներկայում ոչ մի հավաստում չկա»,- ասել է նա:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական բանակն Արցախի Պաշտպանության բանակի Մի-24 ռազմական ուղղաթիռ է կործանել: Միջադեպը տեղի է ունեցել «Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում», երբ ուղղաթիռն ուսումնավարժական թռիչք է իրականացրել:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ռազմական երեք օդաչուները զոհվել են:
Բրյուսելից ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդել է, որ Եվրոպայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հայտարարել է, որ միջադեպը Լեռնային Ղարաբաղում «հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է ներկայացնում»:





























