ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեր Անդրեն հայտարարություն են տարածել քիչ առաջ՝ իրենց խորը անհանգստությունը հայտնելով շփման գծում ուղղաթիռի խոցման եւ բռնությունների սրման փաստով:

«Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար եւ մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին: համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է ձեռքբերված հրադադարի հաստատումից հետո:

Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին:

Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին եւ անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն»:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարը եւ հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը:

Մենք նաեւ կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին եւ կնվազեցնեն հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: