Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում գլխավոր ջրատարի պայթյունի հետեւանքները վերացվել են, բնակիչների մի մասն էլ տեղափոխվել է իրենց բնակարաններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:
Նախապես հաշվարկվել էր խողովակի պայթյունի հետեւանքով բնակիչներին հասցված վնասը, որը կազմել է 62,5մլն դրամ: Այժմ ջրմուղի հետ ձեռքբերված համաձայնության արդյունքում որպես բնակիչներին հասցված գույքի հատուցում տրամադրվելու է 60մլն դրամ, ամեն բնակիչ իրեն հատկացված գումարը կարող է ստանալ բնակարանի հետ կապված համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Քաղաքապետն ասաց, որ բնակիչների մի մասն արդեն տեղափոխվել, ապրում են իրենց բնակարաններում, չորացնում դրանք, կան ընտանիքներ, որոնք ապրում են հարազատների տանը: Լուծվել է նաեւ շենքի էլեկտրաէներգիայի եւ գազամատակարարման հարցերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան քաղաքի գլխավոր ջրատարներից մեկի պայթյունից արտակարգ իրավիճակ է առաջացել: Ջրի շիթն այնքան բարձր է եղել, որ վնասել է մոտակա 5 հարկանի շենքի 15 բնակարաններն ու առաջին հարկում գտնվող մանկապարտեզը:
Ինչպես հաղորդել է Կապանում NEWS.am-ի թղթակիցը, պայթունից ջարդվել են բնակարանների պատուհանները, տները լցվել են հողով, քարերով ու ջրով, շենքի բակն ամբողջությամբ ջրի մեջ է: Վնասվել է նաեւ շենքի տանիքը: Վեց ընտանիք այժմ վերաբնակեցման խնդիր ունի: Վիրավորներ չկան:




























