Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1,1 մլրդ դոլար։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում մասնավոր անձանց կողմից առեւտրային բանկերի միջոցով ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումները գերազանցել են 1,3 մլրդ դոլարի նշաձողը։
Տասնյակ հազարավոր ընտանիքների համար (հատկապես գյուղերի) տրանսֆերտները եկամտի հիմնական, հաճախ նաեւ՝ միակ աղբյուրն են։
Սակայն տրանսֆերտների դերը դրանով չի սահմանափակվում։ Դրանց մեծ մասը, ուղղվելով ապրանքների գնմանն ու ծառայություններին, նպաստում են ոլորտի զարգացմանը։
Այսպես, մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների ընդհանուր ծավալում տրանսֆերտների բաժինը գերազանցել է 30%-ը։
Նկատենք, որ գումարների մի մասը մեր երկիր հասնում է առեւտրային բանկերը շրջանցելով (ըստ գնահատականների՝ շուրջ 20%)։ Այդ պատճառով մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների ու տրանսֆերտների հարաբերակցությունը կարող են բարձր լինել նշված տոկոսից։
Որքա՞ն աշխատատեղ է հարկավոր ստեղծել աշխատանքային միգրացիայից հրաժարվելու համար։ «Մաքուր» (առանց հարկերի) հազար դոլար ամսական աշխատավարձով 147 հազար նոր աշխատատեղ կպահանջվի։ Բայց հասկանալի է, որ այդքան աշխատատեղերի ստեղծումը՝ նման աշխատավարձով, ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է։
Եթե հիմք ընդունենք միջին աշխատավարձի մասին պաշտոնական տվյալները, ապա արդեն կպահանջվի 480 հազարից ավելի նոր աշխատատեղ։ Իհարկե, իրականում այդքան հարկավոր չէ, չէ՞ որ միգրանտների զգալի մասը գյուղացիներն են։ Իսկ որպեսզի գյուղի աշխատավորները չլքեն հայրենի եզերքները, հարկավոր է, որպեսզի նրանց տնտեսության եկամուտն աճի մի քանի անգամ, ինչը կրկին ուտոպիայի ոլորտից է։
ԳՐԱՖԻԿ 1




























