Այսօր, Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, նշում են Երիտասարդության միջազգային օրը։ Տոնի առնչությամբ, միջոցառում կանցկացվի Երեւանի Կամերային երաժշտության տանը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, փոխնախարար Արսեն Քարամյանը եւ այլ պատասխանատու անձինք հանդիպելու են Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների, շրջանավարտների եւ ակտիվիստների հետ։
Երիտասարդության միջազգային օրը տոն հռչակելու որոշումը կայացվել է երիտասարդության հարցերով նախարարների միջազգային գագաթնաժողովի առաջարկով, որը տեղի է ունեցել 1998թ-ի օգոստոսի 8-12-ը, Լիսաբոնում։ Առաջին անգամ աշխարհում այդ օրը նշվել է 2000թ-ի օգոստոսի 12-ին։
NEWS.am. Մեր խորին համոզմամբ, պետությունը՝ ի դեմս համապատասխան նախարարությունների, առաջին հերթին երիտասարդության մասին պետք է մտածի՝ նրանց բարձրակարգ ուսում, հարմար աշխատանք եւ տանելի բնակարանային պայմաններ ապահովելով, այլ ոչ թե տոնական ձեւական միջոցառումներ կազմակերպելով: Երիտասարդությունն է ցանկացած հասարակության առանցքը եւ զարգացման գրավականը, առավել եւս՝ մեզ համար: Դա պետք է վերջապես գիտակցեն մեր ղեկավար այրերը ու այսօրվանից կոնկրետ քայլեր անեն այդ ուղղությամբ, թե չէ վաղը ուշ կարող է լինել:




























