«Կեղծե՛լ, կեղծե՛լ մինչեւ վերջ...»։ Հավանաբար, միայն այպես կարելի է բնութագրել Ադրբեջանի պաշտոնատարների վերաբերմունքը ԼՂ հարցի կարգավորման շուրջ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտնի հայտարարության նկատմամբ: Մասնավորապես՝ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը կարծում է, որ այդ, ինչպես եւ Աքվիլայում արված նախորդ հայտարարությունը ամենաբարձր մակարդակով հստակ ձեւակերպում է ՄԽ համանախագահ երկրների սկզբունքային վերաբերմունքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի նկատմամբ:
«Ադրբեջանը, ինչպես արդեն ոչ մեկ անգամ է ասվել, պատրաստ է աշխատել այդ հիմքի վրա, երբ տարածքների ազատագրումից հետո պայմաններ կստեղծվեն դրանց ռեաբիլիտացման, կոմունիկացիաների վերականգնման, նախկին բնակության վայրեր, ներառյալ` Լեռնային Ղարաբաղ, բնակչության վերադարձի համար, ինչն իր հերթին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում համայնքների համատեղ ապրելու, նրանց համագործակցության եւ խաղաղ ստեղծագործ աշխատանքի, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղում նրանց իրավական կարգավիճակի որոշման հետագա գործընթացի ճանապարհ կբացի»,-ասել է Ազիմովը:
Ահա այսպես է Ազիմովը «հասկանում» ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, եւ` ոչ միայն: Ազիմովը նաեւ ցանկություն է հայտնում, որ հարկ է շուտափույթ ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքներին:
Ի՞նչ է թաքնված այդ շտապողականության տակ:
Ընդամենը` մի էժանագին հնարք. միջազգային հանրությանը ցույց տալ, որ «Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, իսկ Հայաստանը` ոչ»,- քանի որ Ազիմովը քաջ գիտի, որ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության իր մեկնաբանությունը հեռու է իրականությունից եւ այդ «հիմքով» անհնար է խաղաղության համաձայնագիր մշակել:
Նախ` Մեդվեդեւ-Օբամա-Սարկոզի համատեղ հայտարարության մեջ խոսք չկա այն մասին, որ պետք է կարգավորվի «հայ-ադրբեջանական հակամարտությունը»: Նախագահներն իրոք շատ հստակ ձեւակերպել են, որ հակամարտությունը Ղարաբաղյան է: Այսինքն` խնդիրը գտնվում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տարաձայնությունների, հակասությունների հարթությունում:
Երկրորդ, Հայտարարության մեջ որեւէ հեռավոր ակնարկ իսկ չկա այն մասին, որ հարցը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Հակառակը, բովանդակային առումով Լեռնային Ղարաբաղը դիտված է որպես Ադրբեջանից առանձին տարածք:
Երրորդ, եւ սա, թերեւս, ամենաէականն է` այդ տարածքի եւ Հայաստանի միջեւ պետք է լինի ընդհանուր սահման, իսկ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը` որոշվի իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ:
Չորրորդ, Ազիմովը «մոռանում է», որ Հայտարարության մեջ դարձյալ շատ հստակ ասված է, որ Լեռնային Ղարաբաղը կունենա ինքնակառավարում եւ անվտանգություն երաշխավորող միջանկյալ կարգավիճակ:
Հինգերորդ, փախստականներ եւ ներքին տեղահանված անձինք ասելիս Հայտարարության հեղինակները միայն ադրբեջանցիներին չէ, որ նկատի են ունենում, այլ` բոլոր այն անձանց, ովքեր հակամարտության հետեւանքով ներկայում չեն ապրում իրենց բնակության նախկին վայրերում: Եւ` խոսվում է նրանց ոչ թե պարտադրաբար վերադարձնելու, այլ` վերադարձի իրավունքի մասին:
Ազիմովն, իհարկե, գիտի, որ կեղծում եւ նենգափոխում է Հայտարարության իմաստը: Բայց նա հետեւողականորեն կատարում է իր առջեւ դրված խնդիրը, որպեսզի «տպավորությունը վառ լինի»:
Զուր հույսեր:
Վահրամ Աթանեսյան



























