Լիտվան ռազմական սպառնալիքի կամ լուրջ ճգնաժամի դեպքում բնակչության տարհանման մանրամասն ծրագիր է պատրաստել, հաղորդում է Polskie Radio-ն։ Երկրի մայրաքաղաք Վիլնյուսի բնակիչների տարհանման երեք հիմնական ուղղություններից մեկը տանում է դեպի Լեհաստանի հետ սահման։
Լեհաստանի Պոդլյասկի վոյեվոդության իշխանությունները աշխատում են տարածաշրջանը նախապատրաստելու ուղղությամբ, որպեսզի այն ծառայի որպես տարանցիկ միջանցք Բալթյան երկրների բնակիչների համար։
Լիտվական ծրագիրը նախատեսում է, որ տարհանման գործընթացն ու հերթականությունը պետք է առաջին հերթին կախված լինեն սպառնալիքի վայրից և մասշտաբից։
«Երկրի իշխանությունները մեկ տարի առաջ ներկայացրել էին թարմացված ծրագիր, ըստ որի մայրաքաղաքից տարհանման ուղղություններից մեկը պետք է լինի Լեհաստանը»,- պատմել է Վիլնյուսի քաղաքային ինքնակառավարման քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Ժիգիմանտաս Սոլովյովասը։- Մյուս ուղղությունները տանում են երկրի հյուսիս և արևմուտք։ Տարհանումը պետք է սկսվի անմիջական սպառնալիքի առաջացումից առաջ։ Վիլնյուսի բնակիչները չպետք է հույս ունենան, որ գնդակոծության ժամանակ կկարողանան լքել քաղաքը տարհանման երթուղիներից մեկով»։




























