Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարության նախաձեռնությամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայում ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ARDA (Armenian Relief and Development Association) եւ Lions in sight of CA and Nevada կազմակերպության ջանքերով կազմակերպվեց ԱԻՆ 47 վետերանների տեսողության բուժզննում:

Աշխարհի ավելի քան 67 երկրում 7 մլն մարդու օգնություն ցուցաբերելուց հետո ամերիկացի մասնագետներն այսօր Երեւանում էին: Վետերանների մարզային խորհուրդների նախագահները նախապես ԱԻ նախարարության վետերանների խորհուրդ էին ներկայացրել բժշկական օգնության կարիք ունեցող վետերանների տվյալները: Նախարարության կազմավորման գործընթացում իրենց ավանդն ունեցած անձինք հնարավորություն ստացան մասնագիտացված զննում անցնել, որից հետո նրանց տրամադրեցին ակնոցներ:

Կազմակերպիչները նոյեմբերի 27-ին Գյումրիում եւ Վանաձորում բուժզննում կկազմակերպեն նաեւ մարզերի վետերանների համար:

Բարեհամբույր սպասարկումն ու ուշադրությունը հուզել էին վետերաններին: Շնորհակալական խոսքերը, որ ուղղվում էին թե բժիշկներին, թե կազմակերպիչներին, հուզիչ էին եւ հաճելի: Տասնյակ տարիներ իրենց անձնուրաց աշխատանքի համար նրանք այսօր եւս ուշադրության կենտրոնում էին: Շատերն էին կրկնում` «Շնորհակալ ենք, որ մեզ չեն մոռանում…»:

ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Ավետիսյանի խոսքով առաջիկայում նախատեսվում են նմանատիպ միջոցառումներ` աջակցություն ցուցաբերելով ԱԻ նախարարության վետերաններին` մարդկանց, որոնց խորհրդի կարիքն ունի ԱԻ նախարարության յուրաքանչյուր աշխատակից: