Վերջերս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հյուրընկալել էր արտասահմանյան մասնագետների մի խմբի, որի կազմում էին Կայլ Պերսեֆիլդը, Բրայան Արմսթրոնգը եւ Կարլ Էբելինգը ԱՄՆ-ից (Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա), Ֆոտիս Նալբադիսը Հունաստանից (Տվյալների հաղորդման կորպորացիա) եւ Ժակ Պրետորիուսը Ավստրիայից (CTBTO-Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպություն):

Մասնագետների միջազգային թիմը կատարեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համակարգի արդեն 4-րդ սերնդի սեյսմիկ կայանի վերամոնտաժումը եւ տեխնիկական արդիականացումը: Մինչ այդ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների կողմից IRIS սեյսմիկ կայանի տվիչների համար նախապես պատրաստվել էր նոր բետոնյա պատվանդան, որն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային այսօրվա չափանիշներին: Նոր պատվանդանի առկայությունը թույլ է տալիս էապես նվազեցնել սեյսմիկ աղմուկը եւ բարձրացնել գրանցումների որակը:

 

Գառնիի սեյսմիկ կայանը միակն է Հարավային Կովկասում: Այն ընդգրկված է միջազգային մոնիտորինգային ցանցում, ծառայում է սեյսմոլոգիական նպատակների համար եւ հանդիսանում տեխնիկական միջոց, որով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր պարտավորությունները միջուկային փորձարկումների համապարփակ արգելման ծրագրի իրականացման շրջանակներում: