Երեւանի Նուբարաշեն թաղամասում հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ մոտ 6 ամիս հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ դեռ շատ անավարտ գործողություններ կան:

«Առերեսումներ պետք է լինեն, որոնք սակայն քննիչը դեռ չի նշանակել»,- ասաց նա:

Թե ում միջեւ են առերեսումներ լինելու, Կրոմվել Գրիգորյանը չհայտնեց: Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում նա նշել էր, որ նոր միջնորդություններ է ներկայացրել, որ հարցաքննվեն ականատես-վկաներ, առերեսումներ լինեն տուժողի եւ նրանց միջեւ: 

Հարցին, թե ինչու է քննիչը ձգձգում այդ առերեսումները, փաստաբանը պատասխանեց, որ տեղյակ չէ:

Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ: Փաստաբանի խոսքով՝ Սեդրակ Օսիպյանն անձամբ է ոստիկանություն ներկայանալու այն բանից հետո, երբ քննչական գործողությունները կավարտվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: