ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ուղերձ է հղել կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա կապակցությամբ:

«Սեռական եւ գենդերային հիմքով բռնությունը գլոբալ եւ համակարգային անհավասարության ամենածայրահեղ դրսեւորումն է, որին ենթարկվում են կանայք եւ աղջիկները: Այն չի ճանաչում աշխարհագրական, սոցիալ-տնտեսական կամ մշակութային սահմաններ: Ողջ աշխարհում երեք կնոջից մեկը իր կյանքի ինչ-որ պահին ենթարկվում է ֆիզիկիկական կամ սեռական բռնության` սկսած բռնաբարությունից եւ ընտանեկան բռնությունից, մինչեւ ոտնձգություններ աշխատավայրում եւ հետապնդում համացանցում:

Միայն այս տարի Նիգերիայում առեւանգվել է ավելի քան 200 աղջիկ: Ականատես ենք եղել Իրաքի կանանց` հակամարտության ընթացքում բռնաբարության եւ սեռական ստրկության մասին պատկերավոր վկայությունների: Երկու հնդիկ աշակերտուիներին բռնաբարել, սպանել եւ կախել էին ծառից: Իսկ ԱՄՆ-ում սպորտային թիմերում եւ համալսարանական կամպուսներում սեռական բռնության` մեծ արձագանք գտած դեպքեր են եղել:

Կանայք եւ աղջիկները բռնության են ենթարկվում բոլոր երկրներում եւ թաղամասերում, բայց այս հանցագործությունների մասին հաճախ չեն բարձրաձայնում եւ թաքցնում են: Պետք է կոտրենք լռությունը: Ահա թե ինչու` այս տարվա Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա առանցքում շարքային մարդկանց շրջանում իրազեկության բարձրացումն է` «Նարնջագույն լույսով ողողիր թաղամասդ» խորագրի ներքո: ՄԱԿ-ի Նյու Յորքում տեղակայված գրասենյակի, Քարտուղարության շենքի եւ Էմփայը Սթեյթ Բիլդինգի շուրջը նարնջագույն լույս կվառվի, եւ բազմաթիվ այլ իրադարձություններ են նախատեսվում ողջ աշխարհում, ինչպես նաեւ սոցիալական լրատվամիջոցներում:

Յուրաքանչյուր ոք պարտավոր է կանխել եւ վերջ տալ կանանց եւ աղջիկների հանդեպ բռնությանը` սկսելով այս ամենը հնարավոր դարձնող խտրականության մշակույթին ընդդիմանալուց: Մենք պետք է ջարդուփշուր անենք գենդերային բացասական կարծրատիպերն ու վերաբերմունքը, խտրականությունն ու շահագործումը կանխելուն եւ արմատախիլ անելուն ուղղված օրենքներ ներմուծենք ու իրագործենք եւ ընդդիմանանք անպատշաճ պահվածքին, երբ էլ որ ականատեսը լինենք: Պետք է դատապարտենք բռնության բոլոր դրսեւորումները, հավասարություն հաստատենք մեր աշխատանքային եւ ընտանեկան կյանքում եւ փոխենք կանանց ու աղջիկների առօրյան:

Կար ժամանակ, երբ համարվում էր, որ կանանց իրավունքները միայն կանանց գործն են, բայց ավելի ու ավելի մեծ թվով տղամարդիկ եւ տղաներ են իրական գործընկերներ դառնում կանանց հնարավորությունների եւ իրավասությունների ընդլայնմանն ուղղված ճակատամարտում: Երկու ամիս առաջ հայտարարեցի մեկնարկը «HeForShe» (Նա (տղամարդը) հանուն նրա (կնոջ)) արշավի` համերաշխության գլոբալ շարժում հանուն գենդերային հավասարության, որը, ի շահ բոլորի, համախմբում է մարդկության մի կեսը` ի աջակցություն մյուս կեսի:

Բոլորս դեր ունենք այս գործում, եւ ես կոչ եմ անում՝ ստանձնե՛ք Ձեր դերը: Եթե համախմբվենք մեր տներում, համայնքներում, երկրներում եւ ողջ աշխարհում, ապա կկարողանանք մարտահրավեր նետել խտրականությանն ու անպատժելիությանը եւ վերջ դնել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության համաշխարհային խարանը խրախուսող, անտեսող կամ հանդուրժող մտածելակերպին ու ավանդույթներին»,- նշել է Գլխավոր քարտուղարը: