Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար-Վազաշեն հատվածում, որտեղ ճանապարհը վտանգավոր է դարձել եւ գրեթե չի օգտագործվում այն բանից հետո, երբ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակեց այդ հատվածով ընթացող ավտոմեքենայի վրա, նոր շրջանցիկ ճանապարհի կառուցումը ձգձգվում է եղանակային վատ պայմանների պատճառով: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
«Հողային աշխատանքներն ավարտվել են, եղանակային պայմաններն են խանգարում, որ ամբողջությամբ ավարտվի շինարարությունը: Ինչ վերաբերվում է այս ճանապարհին, ապա, իհարկե, վտանգավորություն կա, բայց սահմանին ապրող ժողովուրդը չի խուսափում երթեւեկել այս հատվածով»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ շինարարությունն ի սկզբանե իրականացնում էր «Իջեւան-ճանշին» ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ հունիսի 30-ն աշխատանքներն ավարտվել: Հուլիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, համոզվել էր, որ դրանք անավարտ են եւ հանձնարարել ընկերությանն ամենաուշը օգոստոսի 30-ին ավարտել այն: Ընկերությունը նորից պայմանը չկատարեց եւ արդեն սեպտեմբերին պետությունը պայմանագիրը խզեց «Իջեւան-ճանշին»-ի հետ եւ նոր պայմանագիր կնքեց «Խաչհար»-ի հետ, որը պետք է շինարարությունն ավարտեր դեռ հոկտեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ 5 մետր բարձրություն։




























