Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավարության ժամանակ շարունակվում են ցուցադրվել գործում առկա տեսանյութերը: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալ Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

Փաստաբանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում նոյեմբերի 26-ին շարունակվելու է տեսանյութերի ուսումնասիրությունը:

«Գիտեք, որ 2007թ.-ին նրանք նորից հատել էին սահմանը, այդ ժամանակվա տեսանյութերն են ուսումնասիրվելու: Մեծ մասամբ, ադրբեջանցիները նկարահանել են տարածքը, ճանապարհները, մեր ռազմական տեխնիկան»,- ասաց փաստաբանը:

Էրիկ Բեգլարյանը հայտնեց, որ արդեն իսկ ուսումնասիրվել են 2014թ.-ի հուլիսին արված նկարահանումները, որտեղ առկա է նաեւ սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանը. «Ընդամենը մի տեղ է Սմբատը երեւում, այն էլ մեջքով, սպանության հետ կապված որեւէ կադր չկա: Դատարանում ուսումնասիրվել են նաեւ Սմբատ Ցականյանի սպանության վայրի զննության եւ դիակի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները: Պարզ է դառնում, որ Սմբատին սպանել են առվակի մոտ»:

Տեսանյութերի ուսումնասիրությունից հետո արդեն դատավարության կողմերն անդրադառնալու են իրեղեն ապացույցներին:

Նշենք, որ գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։