«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօր` նոյեմբերի 28-ին, նշանակած նիստը «ոնց որ» թե չի կայանալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով` ինքը քիչ առաջ է դուրս եկել խորհրդարանական լսումներից եւ տեղեկություններ ունի, որ այսօրվա նիստը տեղի չի ունենալու: Թե որն է պատճառը, վերջինս չհայտնեց:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ եթե կուսակցությունը նիստ աներ, ինքն անպայման այնտեղ կլիներ:

Քիչ առաջ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս եկավ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք աշխատում են թափանցիկ եւ նիստ լինելու դեպքում համապատասխան  հայտարարություն կարվեր:

Թեեւ այս պնդումներին, NEWS.am-ի թղթակիցը ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաղորդում է, որ տարածքը մարդաշատ է, այս պահին ներսում են գտնվում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Ստեփան Մարգարյանը հայտնել էր, որ նիստը նշանակված է ժամը 14:00-ին, քննարկվելու են կազմակերպական հարցեր: