Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում  բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երեւանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2014թ. նոյեմբերի 23-ին Ռ.Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթարկվել է հարձակման. Երեւան քաղաքի Կորյունի փողոցում՝ Բժշկական համալսարանի մոտ,  առերեւույթ հանցագործություն կատարած անձը դանակի սպառնալիքով հափշտակել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ռ.Խաչատրյանի մոտ գտնվող գումարը  եւ  ոսկյա շղթան (27 գրամ)։

Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Խաչատրյանը, մշտական աշխատանք չունենալով, իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է մասնավոր ուղեւորափոխադրումներ:

2014թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում,  նրա ավտոմեքենան է նստել քաղաքացի Կ. Ահարոնյանը եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ Կորյունի փողոց, փոխադրելու պատվեր տվել: Ռ.Խաչատրյանն ընդունել է պատվերը եւ նրան փոխադրել Կորյունի փողոց, որտեղ էլ Կ.Ահարոնյանն իր մոտ գտնվող դանակով Ռ.Խաչատրյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ոսկյա շղթան եւ առկա կանխիկ գումարը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Ահարոնյանին 27.11.2014թ.  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Կ.Ահարոնյանի վերաբերյալ ներկայումս քննվում է եւս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված գործի շրջանակներում նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: