Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հիասթափված է Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Համբարյանը, արձագանքելով Հայաստանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսին, ասել է, թե իրենց հիասթափության պատճառն այն է, որ Քլինթոնը եւ՛ Բաքվում, եւ՛ Երեւանում կրկնեց ուժ չկիրառելու վերաբերյալ Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտի հորդորը՝ խուսափելով այդ հարցում Բաքվին մեղադրելուց։
«Դիվանագիտական այսպիսի լեզուն, թեեւ առաջին հայացքից անկողմնակալ է թվում, սակայն հաշվի առնելով ԱՄՆ շահագրգռվածությունը տարածաշրջանային կայունության հարցում, գործնականում հակաարդյունավետ է, քանի որ անտեսում է եւ նույնիսկ քաջալերում ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը։ «Ամերիկյան անկախության տոնից ոգեշնչված՝ մենք հույս ունեինք, որ Քլինթոնը ուղղակիորեն կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ լուծում գտնել՝ հիմնվելով ժողովրդավարության հիմնարար արժեքների եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ի վերջո, եթե 1776 թվականին հիմնադիր հայրերը շարժվեին պետդեպարտամենտի տրամաբանությամբ, ԱՄՆ–ն մինչեւ հիմա բրիտանական գաղութ կլիներ»,-հայտարարել է Արամ Համբարյանը։




























