Առանց անալիզների պատասխանի՝ չի կարելի ասել, թե Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի երեխաները թունավորվել են սննդից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանը:

Նա նշեց, որ մանկապարտեզում ստուգումներ են եղել, իրենք ամեն ինչ ներկայացրել են, որեւէ խնդիր չի հայտնաբերվել: Թունավորված երեխաները 3-5 տարեկան են՝ տարբեր խմբերից, նրանց բոլորի մոտ նկատվել է ջերմության բարձրացում:

«Առավոտյան քաղցր թեյ է եղել, կաթնաշոր, թթվասեր, մակարոնով ապուր, վերմիշելով փլավ, պեչենի: Ամեն ինչ նորմալ էր, ժամկետների մեջ, շաբաթը 1-2 անգամ մենք մթերքը ստանում ենք, երբեք հին մթերք չենք ունեցել, առանց անալիզներ տալու չի կարելի ասել, թե սննդային թունավորում է եղել: Թարմ վիճակով մենք ամեն ինչը ստանում ենք, ինչ իմանամ՝ թունավորում է, վիրուս է, եթե սննդից լիներ, հավանական է, որ բոլորի մոտ էլ լիներ: Ես անձամբ համտես եմ անում, հետո ենք տալիս երեխաներին, ոչ մի արտառոց բան չի եղել: Անալիզների պատասխանից պարզ կլինի պատճառը»,- փոխանցեց տնօրենը:

Նա նշեց, որ դեռ հայտնի չէ՝ երեխաները ինչից են թունավորվել, անալիզներ են վերցրել, որոնք ցույց կտան, թե ինչ է եղել: Մարիետա Մանուկյանը շեշտեց, որ իր պրակտիկայի ընթացքում երբեւէ նման բան չի եղել:

Նշենք, որ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաների թիվը 58-ի է հասել: Նրա խոսքով՝ ծանր վիճակում գտնվող 16 երեխա գիշերը Երեւան է տեղափոխվել՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներն այժմ Եղվարդի հիվանդանոցում են գտնվում: Այս պահին մասնագետները զննում են Երեւանում գտնվող երեխաներին, հետո կրկին կայցելեն Եղվարդ:

Ինչ վերաբերում է թունավորման պատճառին, ապա այն դեռ հայտնի չէ: Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով՝ հայտնի է միայն, որ դա օդը եւ ջուրը չէ, հավանաբար սնունդն է: Իսկ թե կոնկրետ որ սննդամթերքը՝ պարզ կդառնա մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավարում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):