Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ն ընկած ժամակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը՝ օգտագործելով «AKM», «Սեւ նետ»,  «СВД», «ДШК»,   «ПК»  եւ «РПГ» տիպի զինատեսակներ:

Շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որոնց արդյունքում արձանագրվել է ավելի քան 2000 կրակոց:

Հատկանշական է, որ այդ կրակոցների մի ստվար մասն իրականացվել է «СВД»  եւ «Սեւ նետ»  դիպուկահարային զինատեսակներից, ինչը վկայում է հակառակորդի նենգ մտադրության մասին:

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տվել են համարժեք պատասխան:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել: