Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի համար անակնկալ է եղել իրեն՝ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ նշանակելու մասին առաջարկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարեգին Գաբրիելյանը:
«Ես զինվորական եմ, որտեղ ինձ հրամայեն, այնտեղ էլ կծառայեմ»,-ասաց նա: Մոտ 2,5 տարվա հանգստից հետո Գարեգին Գաբրիելյանը պատրաստվում է նոր եռանդով անցնել աշխատանքի: Նա նշեց, որ ոլորտը նոր է, իսկ թե ինչ է պատրաստվում անել նոր պաշտոնում, կարճ պատասխանեց՝ կաշխատենք, կտեսնենք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ:




























