Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել փողոցի բանուկ մասում: Այս մասին այսօր` նոյեմբերի 29-ին, Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Սլովակիայի դատական փորձագիտական ինստիտուտի  ղեկավար Գուստավ Կասանիցկին, որի ղեկավարությամբ կատարվել է վթարի անկախ մոդելավորում։

Գուստավ Կասանիցկու խոսքով` իրենք կատարել են մոդելավորում` հիմք դնելով քննիչի արձանագրած հետքերը, լուսանկարներում տեսանելի հետքերը եւ մեքենաների դեֆորմացիները:

«Հաստատ է այն, որ բախումը եղել է փողոցի ծայրում, բայց ոչ մի դեպքում չէր կարող լինել փողոցից դուրս` կողնակում»,- ասաց դատաավտոտեխնիկ-փորձագետը։

Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է նաեւ որոշել Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունը:

Փորձագետը չհիշեց, թե որքան է եղել մեքենայի արագությունը, միայն ասաց, որ արագությունը բարձր է եղել 60կմ/ժ-ից:

Նշենք, որ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել է դատաքննության ժամանակ կրկնակի հանձնաժողովային եւ համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել եւ պարզել  բախման վայրը: Նրա խոսքով` ավտովթարի վայրը պարզել հնարավոր է միայն փորձաքննություն անցկացնելու միջոցով, քանի որ Վարդան Պետրոսյանը եւ «ՎԱԶ-2121» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը մեքենաների բախման վայրի վերաբերյալ տվել են հակասական ցուցմունքներ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ: