Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն՝ արդեն ամրագրված եւ ապագայում ստանձնելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը: Այդ մասին ասվում է «Հայազն» կուսակցության վարչության տարածած սթափության նամակ-կոչում, որը դեկտեմբերի 1-ին հանձնվելու է ԱԺ 131 պատգամավորներին:
Ակցիան մեկնարկելու է դեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ից, Ազատության հրապարակում, ապա երթի մասնակիցները կշարժվեն դեպի ԱԺ:
Նամակը ներկայացվում է ստորեւ.
«ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ,
ԱԺ վավերացմանն է ներկայացված Եվրասիական Տնտեսական Միությանը միանալու պայմանագիրը:
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն՝ արդեն ամրագրված եւ ապագայում ստանձնելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը, հակասում է գործող Սահմանադրության տառին ու ոգուն եւ անմիջական վտանգ է ներկայացնում Հայոց պետական անկախությանը: Ռուսական կայսրության վերականգնման կրեմլյան ծրագրերը այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չեն, ինչպես որ գաղտնիք չէ, թե ինչ հանգամանքներում Սերժ Սարգսյանը ենթարկվեց Պուտինի թելադրանքին:
Պետականության կորստի ներկա սպառնալիքը Հայաստանի տարբեր տարիների կառավարիչների եւ ողջ քաղաքական վերնախավի հետեւողական անսկզբունքայնության, Հայոց պետականությանն ուղղակի չհավատալու, արտաքին կողմնորոշումներին ապավինելու եւ օտարահաճ ստորաքարշությամբ դրանց տրվելու հետեւանք է: Իշխող վարչախմբերը, չվաստակելով սեփական ժողովրդի աջակցությունը, ներքին օրինավորության պակասը ահագնացող զիջումների գնով շարունակաբար փորձել են փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ՝ երկիրը ենթարկելով օտար ուժի կենտրոնների կամայականություններին:
Մինչ օրս Հայաստանի խորհրդարանը այդ ամենին հետեւել է կրավորական անտարբերությամբ:
Որպես հետեւանք՝ ներկա վարչախումբը կորցրել է անգամ արտաքին կողմնորոշումումների միջեւ սեփական կամքով ընտրություն կատարելու հնարավորությունն ու իրավունքը եւ բացահայտ հարկադրանքի ներքո կայացրել Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական հակամարտության մեջ ներքաշող անպատասխանատու եւ հանցավոր որոշում։
Այսօր Ազգային ժողովին առաջարկվում է վավերացնել այդ հանցավոր քայլը: Արդարամտության եւ զգոնության հորդոր ենք հղում ձեզ` հույսով, որ ձեր կայացնելիք որոշմամբ չեք հանցակցի Հայոց պետության ինքնիշխանության եւ ազգային անվտանգության դեմ ոտնձգություն կատարող եւ վերահաս ծայրագույն խստությամբ պատժվելիք դավաճաններին:
Հիշեցնենք, որ ճիշտ քառորդ դար առաջ այս օրը դեռեւս ոչ անկախ, կոմունիստական Հայաստանի խորհրդարանը կայացրեց մի պատմական որոշում` Արցախի Ազգային Խորհրդի հետ համատեղ նիստում հռչակեց Արցախի միավորումը Հայաստանին: Կոմունիստական համակարգի կողմից նշանակված այդ մարդիկ անկախ երկրի ընտրված պատգամավորներ չէին, սակայն իրենց դրսեւորեցին որպես պատասխանատու հայորդիներ եւ կայացրեցին իրապես ինքնիշխան ազգին վայել պատմական մի որոշում: Դուք այսօր, անկախ ձեր ընտրվելու եղանակից, ներկայացնում եք դեռեւս անկախ Հայաստանը, սակայն ձեզ ուզում են վերածել անկախության գերեզմանափորների:
«Հայազնը», հավատարիմ մնալով ազգային-պետական ինքնիշխանության բացարձակ գերակայության՝ որեւէ վերպատական կազմավորմանը չմինալու անդրդվելի սկզբունքին, վստահ է, որ Հայաստանում ազգային-պետական համակարգի անխուսափելի համապարփակ փոփոխություններից հետո առաջին իսկ իսկապես ազգային կառավարությունը ոչ միայն չեղյալ կհայտարարի բոլոր ստրկացնող քաղաքական ու տնտեսական համաձայնագրերը եւ կվերականգնի մեր երկրի ամբողջական ինքնիշխանությունը, այլեւ անողոք, բայց եւ արդարացի պատասխանատվության կենթարկի ներկայիս անխտիր բոլոր գործիչներին, որոնք մասնակցել են հիշյալ հակապետական ազգադավ պայմանագրերի կնքմանը, վավերացմանը եւ իրականացմանը»:




























