Ամերիկյան Բրաունի համալսարանի գիտնականները գիտափորձ են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչով է առանձնանում տարիքային տարբեր խմբերի մարդկանց հիշողությունը:

Փորձի համար կամավորներից երկու խումբ են ձեւավորել. առաջինում ընդգրկվել են 19-30 տարեկան երիտասարդներ, երկրորդում՝ 67-79 տարեկան մարդիկ:

Մասնակիցներին առաջարկել են հիշել էկրանին հայտնված թվերի հերթականությունը: Բացի այդ, էկրանին նաեւ կետեր են շարժվել, եւ որքան դժվար է դարձել առաջադրանքը, այնքան ավելի շատ է փոխվել կետերի շարժման հետագիծը:

Գիտափորձն ապացուցել է, որ երկու խմբերն էլ կատարել են առաջադրանքը, սակայն տարեցները հիշել են ոչ միայն թվերը, այլեւ կետերի փոփոխման հետագիծը: Ի դեպ, նրանք չպետք է հիշեին այն:

Գիտնականները պարզել են, որ երբ ավելանում է խնդրի բարդության աստիճանը, մարդու ուղեղը դադարում է ուշադրություն դարձնել աննշան մանրուքներին եւ ուշադրությունը կենտրոնացնում է հիմնական խնդրի վրա: Այդ ունակությունը կոչվում է տեղեկության զտում: Դրա շնորհիվ մեր ուղեղը հիշում է միայն կարեւոր տեղեկությունները:

Տարեցների մոտ տեղեկության զտման համակարգը խախտված է, այդ պատճառով նրանք հիշում են այն ամենը, ինչ տեսնում են: