Մեծ Բրիտանիայում նորածին տղաների ամենատարածված անունը Մուհամեդն է: Ընթացիկ տարում այդ անունը կարողացել է բարձրանալ 27 կետով եւ դուրս գալ առաջատար դիրքեր՝ իրենից հետ թողնելով այդ երկրում ավանդական այնպիսի անուններ, ինչպիսիք են Օլիվերը, Ջեքը, Նոյը, Հարրին, Չարլին ու Ջեյմսը:
«Ավանդաբար արաբական ընտանիքներում Մուհամեդ եմ կոչում առաջին երեխային: Մահմեդական անունների թվի աճը վկայում է Մեծ Բրիտանիայի մշակութային բազմազանության զարգացման մասին»,-նշել է հղի կանանց համար աշխարհում խոշորագույն պորտալի՝ Babycentre-ի խմբագիր Սարա Ռեդշոուն, հաղորդում է The Mirror-ը:
Բրիտանիայում տարածված են նաեւ Օմար, Ալի եւ Իբրահիմ անունները:
Ինչ վերաբերում է կանանց անուններին, ապա այստեղ առաջին տեղում են Սոֆիան, Էմիլին եւ Լիլին: Միաժամանակ վարկանիշում են նաեւ արաբական երկրներում հայտնի Մարիամ եւ Նուր անունները: Դրանցից առաջինը զբաղեցրել է վարկանիշի 35-րդ հորիզոնականը, իսկ երկրորդը՝ 29-րդ հորիզոնականը:




























