Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում երեխաներին տրված սնունդը համապատասխանել է չափանիշներին, թե ոչ, պարզ կլինի վաղը: NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանն ասաց, որ վաղը պարզ կլինեն սննդամթերքից վերցված նմուշառման լաբորատոր փորձաքննության պատասխանը եւ եթե մասնագիտական այլ հետազոտություններ անելու անհրաժեշտություն չլինի, հենց վաղն էլ կհրապարակեն դրանց պատասխանը: Փորձաքննության պատասխանից հետո, մամուլի խոսնակի փոխանցմամբ, հնարավոր է ասել՝ արդյոք մանկապարտեզի սնունը համապատասխանել է անվտանգության չափանիշներին, թե ոչ:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: