Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման պատճառը երկրում տիրող անվերահսկելիության եւ անպատժելիության մթնոլորտն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ դեպքի մեղավորները պետք է բացահայտվեն եւ պատժվեն:

«Դեպքերը կրկնվում են, եւ էլի են լինելու, բայց մենք ադեկվատ ռեակցիա չենք տեսնում։ Բանն այն է, որ մեր հասարակությունը շատ զարմանալի թույլ է արձագանքում»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ նշելով, ոչ չպատժվելու դեպքում կատարվածի կրկնությունն անխուսափելի է։

Արմեն Պողոսյանը թունավորված երեխաների ծնողներին առաջարկեց իր ղեկավարած ՀԿ-ի աջակցությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում։

«Տուժած ծնողները թող մեզ դիմեն մենք, եւ դատական կարգով եւ մինչդատական կարգով կպաշտպանենք իրենց շահերը»,- ասաց Արմեն Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Վարակված երեխաների ընդհանուր թիվը 96 է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: Վարակի աղբյուրը դեռ հայտնի չէ։