Հայաստանի ԱԺ-ն, այսօր՝ դեկտեմբերի 1-ին ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որին կողմ է քվեարկել 68, դեմ՝ 1 պատգամավոր:

Մինչ այդ ՀՅԴ խմբակցության անունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Նա կոչ է արել բոլորին նույնպես չմասնակցել քվեարկությանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշել է, որ նախագիծը ռիսկեր է պարունակում եւ լուրջ քննարկումների կարիք ունի: «ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչեւ որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք միլիոնավոր, անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ են ստացել:

ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանի խոսքով՝ այս օրինագծով ստեղծվել է անհավասար դաշտ՝ հղիների նկատմամբ, ու քանի որ իրենց առաջարկությունն էլ չի ընդունվել, իրենք ևս չեն մասնակցի քվեարկությանը:

Հերմինե Նաղդալյանն էլ, անդրադառնալով հնչած հայտարարություններին, նշեց որ օրինագծում կան բազմաթիվ դրական փոփոխություններ, որոնցից հղի կանայք չեն տուժելու:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն անդրադառնալով օրինագծին նշել է, որ այս նախագծով բոլոր աշխատող մայրերը, որոնց աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամը, 100%-ով փոխհատուցում կստանան, իսկ չաշխատող մայրերը հղիության վճարներ կստանան: