Քաղաքական գործիչը նախաձեռնությամբ է հանդես եկել, սա քաղաքական քայլ է, որի տակ ես չեմ ցանկանում ենթատեքստեր փնտրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահի իմպիչմենտի հարցը բարձրացնելու նախաձեռնությանը:
Հարցին, թե արդյոք այդ նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը իրական ընդդիմադիրներին բացահայտելու նպատա՞կ է հետապնդում, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ նման բան չի կարող ասել, դա կլիներ այն դեպքում, երբ պատգամավորը այդ հանգամանքը դարձներ սուր ճոճելու առիթ: «Ոչ մի բանի չի հասնի, բայց այնպես չէ, որ մեր քաղաքական դաշտում ինչ անում են, ինչ-որ բանի հասնում են»,-ասաց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանը հասկանում է թե Նիկոլ Փաշինյանի քայլը, թե նրան չմիացածներին, որոնք, ըստ նրա, ավելի պրագմատիկ են մտածում, քանի որ նախագահի իմպիչմենտի հարցով անհրաժեշտ է ՍԴ որոշում, այնուհետեւ խորհրդարանում պատգամավորների ձայների 2/3, ինչը անհնար է: «Երբ որ եռյակն էլ միտինգ էր անում, Նիկոլը չէր միանում, գտնում էր, որ պահանջված չի, ամեն մեկը իր ճանապարհով է գնում, ժամանակը ցույց կտա»,-ասաց քաղտեխնոլոգը:
Կստորագրեր Կարեն Քոչարյանը այդ փաստաթղթի տակ, թե ոչ, չի կարող ասել: Նա նշեց, որ իմպիչմենտի համար պետք է լինի դավանաճություն, որը ինքը չի տեսնում, ինքը բարձրաձայնում է այլ խնդիրների մասին՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության տակ ստորագրել են Զարուհի Փոստանջյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:




























